Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ի՞նչ է անմահությունը

Ի՞նչ է  անմահությունը
08.05.2012 | 00:00

Ավագ քահանա Վալենտին ՍՎԵՆՑԻՑԿԻ

(1882-1931)


(սկիզբը` նախորդ համարներում)


ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Շարունակենք մեր զրույցը։ Մեր առջև է հարցը կյանքի իմաստի մասին։ Դու ընդունո՞ւմ ես, որ գոյություն ունի կյանքի ինչ-որ իմաստ։

ԱՆՀԱՅՏ- Այո, ընդունում եմ։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Իսկ ես հաստատում եմ, որ մարդկային կյանքում չկա ոչ մի նպատակ և ոչ մի իմաստ, որովհետև ոչ մի իմաստի մասին չի էլ կարող խոսք լինել այնտեղ, որտեղ հերքվում է կամքի ազատությունը, և որտեղ ամբողջ կյանքը դիտվում է որպես մեխանիկական գործողությունների շղթա։ Երբ դու ասում ես` ես պարզեցի ձեռքս, որ վերցնեմ բաժակը, դու ունես երկու փաստ, որոնք կապված են միմյանց, ինչպես նպատակը միջոցի հետ։ Նպատակը` վերցնել բաժակը, միջոցը` պարզված ձեռքը։ ՈՒ եթե դու, որպես նյութի մի մասնիկ, զրկված ես կամքի ազատությունից, ապա և՛ քո նպատակը, և՛ քո միջոցը ավելին չեն, քան մեխանիկական երևույթներ, սակայն որոշ իմաստով կարելի է ասել, որ քո ձեռքի շարժումի մեջ ինչ-որ նպատակ կար։ Եթե դու վերցնես քո ամբողջ կյանքը և ձևակերպես իրար հետ շաղկապված փաստերի նպատակը, ապա նման նպատակ հավիտենական կյանքի ժխտման դեպքում չի կարող լինել։ Մահը վերջ է տալիս կյանքիդ, դրանով իսկ վերջ տալով և նպատակին, ինչպես էլ այն ձևակերպված լինի` սեփական կյանքդ արդարացնելու համար, և դրանով հենց դարձնելով այն «աննպատակ»։ Ժխտելով անմահությունը և ընդունելով միայն նյութական աշխարհը, կարելի է խոսել նպատակի մասին շատ սահմանափակ իմաստով, այսինքն` առանձին արարքների նպատակի մասին, ըստ որում, միշտ հիշելով, որ յուրաքանչյուր արարք ոչ այլ ինչ է, եթե ոչ մեքենայական շարժում։ Դու համաձա՞յն ես դրան։

ԱՆՀԱՅՏ- Ոչ, համաձայն չեմ։ Մի՞թե մարդկային կյանքի նպատակը չի կարող լինել այնպիսի վեհ ձգտում, ինչպիսին գալիք սերունդների երջանկությունն է։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ոչ, չի կարող լինել։ Նախ` չկա ոչ մի վեհ ու ոչ մի ստոր բան, քանի որ ամեն ինչ կատարվում է հավասարապես անազատ, մեքենայորեն, ըստ նյութական այս կամ այն օրենքների։ Եթե մեկը մեռնում է մարդկանց ապագա երջանկության համար, իսկ մյուսը դավաճանում է նրանց, ապա պատճառն այն չէ, որ մեկը վարվում է վեհ, իսկ մյուսը` ստոր ձևով, այլ նրանք վարվում են տարբեր կերպ, որպես երկու ավտոմատներ, որոնց զսպանակները տարբեր են, և հենց դրանով են պայմանավորված նրանց տարբեր գործողությունները։ Սակայն եթե քննարկենք հարցը մյուս` այդ երևույթների նպատակահարմար լինելու տեսանկյունից, ապա «վեհ նպատակը» ոչ մի կերպ չի կարող արդարացնել մարդկային կյանքը։ Իրոք, եթե մարդկային կյանքը նպատակ չունի, ինչպե՞ս կարող է այդ չեղած նպատակը ապահովել գալիք սերունդների երջանկությունը։ Չէ՞ որ գալիք սերունդների յուրաքանչյուր ներկայացուցչի կյանք նույնպես չունի ոչ մի նպատակ։ Ինչպե՞ս կարող է անիմաստ ապրող մարդկանց երջանկությունը իմաստավորել մարդկային կյանքը։ Ինչքան էլ հեռու վանենք անմտությունն ու աննպատակայնությունը, այն ձեռք չի բերի ո՛չ նպատակ, ո՛չ իմաստ։

ԱՆՀԱՅՏ- Սակայն մարդիկ, որոնք լիովին ժխտում են հավիտենական կյանքը, հանուն այդ նպատակի զոհաբերում են իրենց ոչ թե խոսքով, այլ գործով։ Ըստ երևույթին, նրանց համար «գալիք սերունդների երջանկությունը» դատարկ խոսք չէ։ Դատարկ բաների համար կյանքդ չես տա։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Առաջին` նրանք տալիս են սեփական կյանքը նույն հիմնական պատճառով. այդպես համակցվում են հյուլեները, այդպես գործում է մեխանիկական սովորությունը, և այլ կերպ վարվել նրանք չեն կարող։ Բայց, իհարկե, մնալով տրամաբանությանը հավատարիմ, մենք նման զոհաբերությունը պիտի կոչենք կատարելապես անիմաստ։ ՈՒ եթե դու ասես մարդուն` գնա՛ մեռիր այն մարդկանց երջանկության համար, ովքեր պիտի ապրեն տասնյակ տարիներ հետո, նա իրավունք ունի պատասխանելու` իսկ ինչո՞ւ պիտի իմ կյանքը տամ ինձ համար անկարևոր այդ մարդկանց համար։

ԱՆՀԱՅՏ- Սարսափելի՜ հետևություններ են, սակայն։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այո՛, սարսափելի։ Բայց դրանք անխուսափելի են, ու եթե դու չես ցանկանում, չես կարող դրանք ընդունել, զգում ես դրանց ոչ ճիշտ լինելը, դու պետք է հերքես հիմնական առաջադրույթը, այսինքն, ժխտել անմահության բացասումը։ Չէ՞ որ այդ հետևությունները, ի վերջո, շատ ավելի անիմաստ են քո գիտակցության համար, քան առանց նյութական հիմքի գոյության ընդունումը կամ հոգու «ոչ տարածական» լինելը։

ԱՆՀԱՅՏ- Այո, իհարկե։ Հատկապես դժվար է ընդունել եզրակացությունը կյանքի իմաստի բացասման մասին։ Այնքան փառահեղ է մարդկության պատմությունը, այնքան բան է ստեղծված մարդկային հանճարով, այնքան հիանալի են արվեստի գործերը, վերջապես, սեփական կյանքում այնքան վեհ ձգտումներ կան, այնքան ներքին պայքար, այնքան տառապանք, որ անհեթեթ է թվում միտքն այդ ամենի անիմաստ լինելու մասին։ Սակայն ի՞նչն է փոխվում այդ հարցում անմահությանը հավատալու դեպքում։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ամեն ինչն է փոխվում։ Հավիտենական կյանքը, որպես ինչ-որ մի բան, որը չունի սահմաններ ու այդ պատճառով էլ սեփական արդարացման համար կարիք չունի ինչ-որ հաջորդողի, կարող է լինել ինքնաբավ նպատակ և այդ պատճառով կարող է իմաստավորել երևույթների ամբողջ նախորդող շարքը, այսինքն, երկրային կյանքի բոլոր վերջնական պահերը։ Կանգ առնենք դրա վրա մանրամասնորեն։ Ձևական իմաստով` մարդու երկրային կյանքը պատճառների և հետևանքների հաջորդական շարք է, որը, նպատակահարմարության տեսանկյունից, կարող է դիտվել որպես միջոցների ու նպատակների շարք։ Օրինակ, ես գնում եմ փողոցով` հաց գնելու։ Ես կատարում եմ շարժումների մի շարք, որը հասնելու միջոց է` հաց գնելու միջոց, ո՞րն է հաց գնելու նպատակը։ Ես ուզում եմ ուտել, ես ցանկանում եմ քաղցս հագեցնել։ Այդ նպատակը միանգամայն բավարար է, որպեսզի հաց գնելն իմաստ ունենա։ Սակայն կարելի՞ է ասել, որ իմ կյանքի նպատակը քաղցը հագեցնելն է։ Այդպիսի նպատակը չի կարող արդարացնել կյանքը, որովհետև ինքը` վերջնականը, որոշվում է ինչ-որ հաջորդականով, ինչը հենց իր նպատակն է։ Վերջնական նպատակ, որն իմաստ է տալիս բոլոր նախորդ անցողիկ պահերին, կարող է լինել միայն այն, ինչը մնում է միշտ, և այդ պատճառով կարիք չունի հետագա նպատակի, որպես սեփական արդարացում։ Դրանում է երկրային կյանքի իմաստը։

ԱՆՀԱՅՏ- Ինչպե՞ս կսահմանես այն։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Պատասխանը պարզ է ու հստակ։ Հարկավոր է ապրել այն բանի համար, որ երկրային կյանքի ընթացքում հասնես սեփական անմահ հոգու լավագույն կարգավորման։ Մեզ սպասում է հավերժական կյանքը, և նայած թե ինչ հոգևոր վիճակի ենք հասել այստեղ, ըստ այդմ էլ կլինի մեր հավիտենական գոյությունը։ Լուսավորված այդ հավերժ խնդրով` ամբողջ երկրային կյանքը մինչև վերջին մանրուքը ստանում է մեծագույն իմաստ։

(շարունակելի)

Տպագրության պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ